ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Մեր իմացածն ու իմանալիքը Մայիսի 28-ի մասին

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Մեր իմացածն ու իմանալիքը Մայիսի 28-ի մասին
28.05.2014 | 12:30

Լրագրողի տարօրինակ մի հետաքրքրասիրությամբ սկսեցի Խորհրդային Հայաստանի մամուլը թերթել` ի՞նչ է գրված եղել մայիսքսանության իրադարձությունների մասին: Անորոշությունների մեջ խարխափելով` փայլուն մի էջ գտա, որն է Սարդարապատի հոյակերտ հուշահամալիրի բացումը: Մինչ այդ «մեծ ու կարևոր» իրադարձություններ են կատավել: Օրինակ, 1938 թվականի մայիսյան այդ օրերին Հայաստանի գրողների տանը տեղի է ունեցել հանդիսավոր նիստ` նվիրված «Ասք Իգորի գնդի մասին» երկի 750-ամյակին: Իսկ 1970թ. մայիսի 28-ին Երևանում բացվել է Հայաստանի սպառողական կոոպերացիայի 12-րդ համագումարը: Կարդացի այս վերջին հաղորդագրությունը և, միամիտ լրագրող, շատ ուզեցի, որ հանրապետական թերթի մեկ ուրիշ էջում գտնեմ մեկ այլ հաղորդագրություն, ասենք, Գիտությունների ակադեմիայում կայացած «Սարդարապատի դասերը» գիտաժողովի մասին: Դրանից երկու տարի առաջ` 1968-ի մայիսի 28-ին` Սարդարապատի 50¬ամյակին, Հովհաննես Շիրազը Խիկար Բարսեղյանին խնդրում է՝ միասին այցի գնան Սարդարապատի հուշահամալիր: Շարունակությունը, որ այն օրերին բնորոշ, բայց տխուր պատմություն է, լսենք Շիրազից. «Գնացինք։ Ղեկավարները բոլոր առաջ գնացին, Խիկարը թևս բռնեց, ըսավ՝ մի քիչ ուշանանք։ Ես էլ ասում եմ՝ ինչի՞։ Թե՝ ուշանանք: Վերջը, ուշացանք, գնացի՝ աղմուկ-աղաղակ, անունս տվեցին, նույնիսկ ասում էին՝ փառք Հովհաննես Շիրազին, զորավարին, ձայն տալ եւ այլն։ Մեկ էլ, 5-10 րոպե չանցած, Խիկարը թե՝ պետք է դաշտը թողնել: Ինչի՞, խեղճ գառնուկի նման, ոչ զենք ունիմ վրես, ոչ բան, ինչի՞ պիտի ես դաշտը թողնեմ։ Ի՞նչ է եղել: Ոչ մի բան չիմացա։ Առավոտյան զանգ եմ տալիս, տեսնեմ՝ պոեմներս, որ խմբագրության ճանապարհին են, ետ են բերե։ Իա՜, էս ի՞նչ պատմություն է։ Եվ ահա թե ինչ, այդ պատճառով ես ընկա բոլոր խմբագրությունների աչքից, թե՝ էս ի՞նչ բան է արե, որ դաշտից, էդ հոյակապ տանից, համաշխարհային զրընգալի տանից բանաստեղծին ետ են բերե, 20-30 րոպե հետո»։
Այսպիսի բաներ էլ են եղել, և, ընդհանրապես, այն տարիներին զարմանալիորեն մեզ հեռու էին պահում սարդարապատյան օրերի իրադարձությունների տեղեկատվությունից: Այդ տարիներին, այո, սերունդները քիչ էին տեղեկացված` դասագրքերում, բուհական ձեռնարկներում, ավաղ, նաև մամուլում համատարած լռություն էր: Բայց չէ՞ որ դա մեր պատմական ու ամենախոշոր հաղթանակն էր 600 տարիներ ի վեր:
Լրագրող իմ ընկեր Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում շատ խելոք առաջարկ է ամում` դպրոցներում ԲԱՑ ԴԱՍԵՐ անցկացնել Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերին նվիրված: Առաջարկում է, ու լսող չկա: Այնինչ ՄԱՅԻՍԻ 28-ը սոսկ կոնկրետ իրադարձության վավերագիրը չէ, սոսկ տարեթիվ չէ, այն խորհուրդ է ու գաղափար, և այդ գաղափարը համազգային է: Ֆրանսիացիները վաղուց դադարել են Բաստիլ բառի մեջ սոսկ բանտը տեսնել. նրանց համար Բաստիլը Հանրապետության վերականգնման խորհրդանիշ է: Սարդարապատը մեզ համար այդ նույն խորհրդանիշն է, և մեր սերունդները որքան ավելի տեղեկացված լինեն, այնքան նրանց մեջ երկար ու ամուր կապրի հայկական ոգու և զենքի հաղթանակի գաղափարը:

Դիտվել է՝ 2192

Մեկնաբանություններ